Իվանե Ա
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իվանե Ա | |
---|---|
Իշխանություն | 1212-1227 |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | 1227[1] |
Ախթալայի վանք[1] | |
Ազգություն | հայ |
Տոհմ | Մխարգրձելիներ |
զորավար, կառավարիչ և քաղաքական գործիչ | |
Հայր | Սարգիս Զաքարյան[1] |
Մայր | Սահակդուխտ Արծրունի[1] |
Երեխաներ | Ավագ Զաքարյան և Թամթա |
Հավատք | ուղղափառություն |
Իվանե Ա Զաքարյան, (անհայտ[1] - 1227[1]), Զաքարյան տոհմի ներկայացուցիչ։ Հոր՝ Սարգիս Զաքարյանի մահից հետո վրաց արքայի օժանդակությամբ Զաքարե Զաքարյանը նշանակվել է գլխավոր զորքերի սպարապետ՝ ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ մսախուրթուխուցես[2]։ Զաքարե Բ Զաքարյանի մահից (1212 թվական) հետո Իվանե Զաքարյանը ստացել է ամիրսպասալարի, 1213 թվականին՝ 14-ամյա գահաժառանգ Գեորգի IV Լաշայի (Իվանե Ա-ն նրա դաստիարակն էր) գահ բարձրանալուց հետո` նաև աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները, դարձել է վրաց արքունիքի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Իվանե Զաքարյանի մահից (1227 թվական) հետո Զաքարյանների տոհմի ավագությունն անցել է Իվանեի որդուն՝ Ավագ Զաքարյանին (ծննդյան թվականն անհայտ է – 1250 թվական), վերջինս ժառանգել է նաև աթաբեկի պաշտոնը։ Սակայն մոնղոլական տիրապետության հաստատումից հետո թուլացած Զաքարյանները տրոհվել են ֆեոդալական առանձին տների[3]։ Վրացական արքունիքում Զաքարյանները պահպանել են իրենց ազդեցությունը, շարունակել են վարել ամիրսպասալարի, արքունի մեծ վեզիրի, աթաբեկի պաշտոնները։ Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշատակվում Զազան (1345–80 թվականներ)։ Այնուհետև մինչև XVIII դարը Զաքարյանների մասին հիշատակություններ չկան։ Զաքարե Բ Զաքարյանի ազատագրական կռիվներին մասնակցել է նաև Իվանեն, վերջինս Խլաթի պաշարման մարտական գործողություններում գերի է ընկել։ Զաքարեն եղբորը վերադարձնելու համար ստիպված է եղել դադարեցնել կռիվը Այյուբյան սուլթանական պետության հետ և հաշտության պայմանագիր կնքել նրանց հետ[4]։
Կենսագրական տեղեկություններ
Իվանեն ծնվել է Վրաստանում, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի ընտանիքում։ Եղել է ընտանիքի միջնեկ զավակը։ Ունեցել է ավագ եղբայր՝ Զաքարեն և փոքր քույր՝ Նանա։ 1191 թվականին նշանակվել է Վրաստանի պետության մսախուրթուխուցես, 1212 թվականին՝ ավագ եղբոր՝ Զաքարե Բ-ի մահից հետո՝ հայ-վրացական բանակի ամիրսպասալար, 1213 թվականին՝ նաև Վրաստանի աթաբեկ[5]։ 1191 թվականին նշանակվել է Վրաստանի պետության մսախուրթուխուցես, 1212 թվականին՝ ավագ եղբոր՝ Զաքարե Բ-ի մահից հետո՝ Հայ-վրացական բանակի ամիրսպասալար, 1213 թվականին՝ նաև Վրաստանի աթաբեկ։
1190-1210 թվականներին զինակցել է ամիրսպասալար եղբորը՝ Զաքարե Բ-ին և մասնակցել Հայաստանի ազատագրական պատերազմներին։ Քսանամյա պատերազմների արդյունքում, եղբոր՝ Զաքարե Բ-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից առավել մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։ Ազատագրված տարածքներից ստացել է Աղստևը, Ձորագետը, Սևանա լճի ավազանը, Փառիսոսը, Բջնին, Դվինը։ Կայեն և Բջնի ամրոցներից հետո գահանիստ է դարձրել Դվին քաղաքը, որը դարձել է Զաքարյան պետության արևելյան վարչաքաղաքական կենտրոնը։ 1209 թվականին Խլաթի պաշարման ժամանակ անզգուշորեն գերի է ընկել և ազատվել փրկագնով՝ դստերը՝ Թամթային Խլաթի ամիրայի որդուն կնության տալու պայմանով[6]։ (Թամթան 1245 թվականին դարձել է Խլաթի կառավարիչ-թագավոր)։ Զաքարե Բ-ի մահից հետո փաստորեն դարձել է Հայաստանի միանձնյա տիրակալ և վրացական արքունիքի ամենաազդեցիկ դեմքը։ Դիվանագիտական ակտիվ քաղաքականություն է իրականացրել Հայաստանի մոտիկ ու հեռավոր հարևանների հետ՝ ապահովելով Հայաստանի անկախությունը։
1219 թվականին ազատագրել է Սյունիքի Որոտան բերդը[7]։ 1225 թվականին Հայ-վրացական միացյալ բանակով Գառնի գյուղաքաղաքի մոտ ճակատամարտ է տվել Խորեզմի շահ Ջալալ ադ Դինի զորքերի դեմ և պարտվել։ Հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, կառուցել է աշխարհիկ ու հոգևոր շինություններ[8]։
Հետևելով Թամար թագուհու հորդորներին, Իվանեն դավանել է ուղղափառ եկեղեցուն (Վարդան Արեւելցին Կիլիկիա ուղարկած Զաքարե Բ-ի դեսպանագնացության մասին գրում է. <Բայց Իւանէ խաբեալ ի թագուհւոյն Թամարայ՝ տկարացաւ ի հաւատոյն> /էջ 182/), որի մասին պատմության մեջ կա մի հետաքրքիր դրվագ. Սելջուկյան սուլթանական պետության դեմ արշավանքների ժամանակ վրացի ուղղափառ հոգևորականները սպասավորում էին շարժական վրաց-եկեղեցուն։ Հայ-վրացական բանակի հրամանատար Զաքարե Զաքարյանը ցանկանում էր, որ հայոց եկեղեցու հետևորդ զինվորականներն իրենց հոգևոր կարիքների համար նույնպես նման շարժական եկեղեցի ունենան։ Այդ ցանկությունը հանդիպում է հայ հոգևորականության դիմադրությանը։ 1205 թվականին Լոռեի հոգևոր ժողովը մերժում է Զաքարե Զաքարյանի այս առաջարկը։ Վերջինս սպառնում է բռնություն գործադրել։ Վեճը կարգավորվում է Զաքարեի խոստովանահայր Մխիթար Գոշի միջամտությամբ, որն Անիում 1207 թվականին կրկին ժողովված հոգևորականությանը խորհուրդ է տալիս բավարարել Զաքարեի ցանկությունը[9].
Իվանե Զաքարյանը մահացել է 1227 թվականին, և թաղվել Ախթալայի Ս. Աստվածածին վանքում։
Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է՝
Մահացավ և Իվանեն, Զաքարեի եղբայրը, և թաղվեց Պղնձահանքում՝ իր կառուցած եկեղեցու մուտքի մոտ, այն նա խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ եկեղեցի) - Կիրակոս Գանձակեցի, «Հայոց Պատմություն»
|
Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդին՝ իշխան Ավագը (մահացել է 1250 թվականին, Բջնիում)։
Քաղաքական-ռազմական գործունեություն
Լինելով ազդեցիկ տոհմի ներկայացուցիչ և ունենալով նշանակալից և կարևոր դիրք արքունիքում, ի վիճակի է եղել վարելու հայանպաստ քաղաքականություն։ Եղբոր հետ միասին հաղթանակ է տարել Շամքորի ճակատամարտում, որով էլ սկսցել է Հայաստանի ազատագրական պայքարը[10]։ 1196 թվականին Զաքարե և Իվանե եղբայրները վերջնականապես ազատագրել են Ամբերդը, որը Իվանեի հովանավորությամբ հանձնվել է իր քաջությամբ ու անձնազոհությամբ աչքի ընկած Վաչե Վաչուտյանին, վերջինս այն դարձրել է իշխանանիստ[11]։ Այդ ժամանակաշրջանից Կամսարականների նախկին այս ամրոցը դարձել է Արարատյան կողմնակալության իշխանանիստ կենտրոնը։ Վաչե Վաչուտյանն ու իր որդի Քուրդն Ամբերդում վերականգնողական ու շինարարական հսկայական աշխատանքներ են կատարել։ Իվանեի հովանավորությամբ Ամբերդում իշանություն հաստատած Վաչե Ա Վաչուտյանը վարել է նաև շինարարական քաղաքականություն՝ կառուցելով Սանահինի վանքի Մեծ (բաց) գավիթը (1211 թվական), Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին (1213 թվական), Արա գյուղի իջևանատունը, Մակարավանքի գավիթը (1216 թվական), Հովհաննավանքի գմբեթավոր գավիթը[12]։
Դեռևս 1124 թվականից սկսած Անիի ազատագրական կռիվները անամփոփ էին մինչև Զաքարեի և Իվանեի քաղաքական դաշտում հայտնվելը։ Անին Զաքարյան իշխանների կողմից ազատագրվել է երեք անգամ, սակայն վրաց արքան ետ է վերադարձրել այն Շադդադյաններին՝ ապագայում կրկին ազատագրելու մտադրություններով։ Սակայն այս անգամ հերթը վրաց արքային չի հասել, Իվանեն և Զաքարեն 1199 թվականին արշավել են Անի և վերջնականապես գրավել հայերի համար ստրատեգիական նշանակության այդ քաղաքը։ Շադդադյանները հիմնահատակ հեռացել են Անիից․ քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին։ Թշնամուց մաքրվեել են նաև Արցախը, Սյունիքը և Արարատյան դաշտը։ Շարունակելով հաղթարշավը՝ 1201 թվականնին ազատագրվել է Բջնին, 1203 թվականին հայ-վրացական ուժերը արշավել են Դվին և ազատագրել այն։ 1206 թվականին ազատագրվել է Կարսը, ապա նաև Բասենն ու Բագրևանդը։ Շարունակելով հաղթարշավը հայկական ուժերը հասել են Մանազկերտ և Արճեշ։ 1209 թվականին հայ-վրացական ուժերը պաշարել են Վանա լճի ափին ընկած Խլաթը՝ Շահ Արմենների նստավայրը, սակայն հարձակվող ուժերը ստիպված էին կասեցնել Խլաթի ազատագրումը, քանի որ աթաբեկ Իվանեն պատահաբար ընկել էր որսափոսը և գերվել էր թշնամու կողմից։ Իվանեին ազատ արձակելու համար Զաքարեն ստիպված է եղել հանգիստ թողնել Խլաթում հաստատված Շահ Արմեններին, իսկ Իվանեն իր դստերը՝ Թամթային կնության է տվել Խլաթի ամիրայի որդուն՝ էմիրին[13]։
Իվանե աթաբեկը և նրա ժառանգները իշխում էին Գուգարքի մնացյալ հատվածում, Այրարատ նահանգի արևելյան մասում, Սևանի ամբողջ ավազանում և Սյունիքի հյուսիսարևելյան գավառներում։ Նրանց իշխանաիստ կենտրոններն էին նախ Բջնին, ապա՝ Դվինը։ Զաքարյանները, շնորհիվ Զաքարեի և Իվանեի ազատագրական գործունեության, կարողացան ստեղծել խոշոր և ինքնուրույն իշխանապետություններ։ Այն իր մեջ էր ընդգրկվում Շիրակը՝ Անի մայրաքաղաքով, Արարատյան դաշտը, Արաքս գետի միջին հոսանքը, Սևանի շրջակայքը։ Զաքարյանները այնքան էին տարածքային աճ գրանցել և հզորացել, որ ունեին կախյալ իշխանապետությունները. Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշում, Գարդմանում և Փառիսոսում ստեղծվել էր Զաքարյաններից կախվածության մեջ գտնվող Վահրամյան իշխանությունը, որի կենտրոնը Գագ ամրոցն էր։ Այս իշխանության հիմնադիրը Վահրամն էր՝ Սարգիս Զաքարյանի եղբայրը։ Զաքարյանների մի ճյուղն էլ հաստատվել էր Ջավախքում՝ Թմուկ բերդում։
Զաքարյանների ենթակա իշխանություններ հաստատվել են նաև Վայոց ձորում՝ Պռոշյանները, Արագածոտնում՝ Վաչուտյանները՝ Ամբերդ նստավայրով, Սյունիքում՝ Օրբելյանները, իսկ Արցախում գործում էր Հասան-Ջալալյանների ենթակա իշխանությունը։ 1210-1211 թվականների, վրաց-հայկական բանակը, անցնելով Արաքսը, ներխուժել է Ատրպատական և հասել մինչև Ղազվին։ Հաղթական արշավանքից վերադառնալով` 1212 թվականին Զաքարե Զաքարյանը կնքել է իր մահկանացուն և թաղվել Սանահինի վանքում։ Այդուհետ Վրաստանի վարած պատերազմները դադարեցվել են։ Զաքարեն վրաց արքունիքում թագավորից հետո ամենաբարձր դիրքն էր զբաղեցնում։ Զաքարեի եղբայր Իվանեն, էլ ավելի է ամրապնդել Զաքարյանների դիրքերը՝ Թամար թագուհուց ստանալով մինչ այդ վրաց արքունիքում գոյություն չունեցած աթաբեկի գործակալությունը։ Այսպիսով՝ նրա ձեռքում կենտրոնացան ոչ միայն հայկական բանակի հրամանատարությունն ու արքունի մեծ վեզիրի պաշտոնը, այլև գահաժառանգի դաստիարակությունը։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Իվանե Զաքարյան, Զաքարյան տոհմի հետևորդ
- ↑ «Զաքարյանների ֆեոդալակա իշխանւթյունները». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Իվանեի՝ Այյուբյանների մոտ գերի ընկնելու մասին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Իվանե, կենսագրական տեղեկություններ
- ↑ Խլաթի պատմական դեպքը՝ Իվանեի գերի ընկնելը
- ↑ Սյունիքի ազատագրումը Զաքարյանների ժամանակաշրջանում
- ↑ Իվանեի գործունեությունը ազատագրված Հայաստանում
- ↑ Մխիթար Գոշի հրավիրած ժողովը Անիում, էջ 139
- ↑ «Ամբերդի վերջնական ազատագրումը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Ամբերդը՝ որպես Վաչուտյանների իշխանանիստ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Վաչեի շինարարական գործունեւթյունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Իվանեի գերեվարվելու հետաքրքիր պատմությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանե Ա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 421)։ |
|