իրավունքով տվյալ գյուղական համայնքից գանձվող ռենտան ամբողջությամբ։ 18-19-րդ դարերում Արևելյան Հայաստանում և Ադրբեջանում գյուղից ստացվող ամբողջ հողային ռենտայի (մուլքի) կամ նրա մասի սեփականատերը կոչվում էր մուլքադար (մուլք ունեցող)։ Վերջինս իրավունք ուներ որպես հողային ռենտա ստանալ բերքի միայն որոշ մասը (1/10–3/10)։ Գյուղի ընդհանուր ցանքատարածության համայնքի անդամ հողագործ գյուղացիների միջև բաշխման ու օգտագործման իրավունքները տնօրինում էր գյուղական համայնքը։ Մուլքադարին ժառանգությամբ անցնող մուլքը կոչվում էր մուլք–ե մորուսի (mulk-e mórusi), գանձագին մուլք՝ մուլք–ե զարխարիդ (mulk-e zarkharid)։ Գյուղից ստացվող մուլքի ամբողջությունը, մսխալի (թանկարժեք մետաղի զանգվածի չափման միավոր) նմանությամբ, բաժանվում էր 6 մասի (դանգերի)։ Մուլքը կարող էր օտարվել կամ փոխանցվել ժառանգներին ամբողջությամբ կամ դանգերով, իսկ առ ու ծախի դեպքում՝ կես կամ քառորդ դանգով (թասուջ), 1/8 դանգով (շաիր) կամ դրանց կոտորակներով։ Անդրկովկասում մուլքադարությունը գոյատևել է մինչև 1870-ական թվականների հողային բարենորոգումները։
Գրականություն Есаян А․ М․, Мулькадарское право в Армении, Е․, 1948; Петрушевский И․ П․, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI–начале XIX вв․, Л., 1949; Папазян А․ Д․, Аграрные отношения в Восточной Армении в XVI–XVII веках, Е․, 1972․
ՄՈՒԼՔԱԴԱՐՈՒԹՏՈՒՆ, հողատիրության տեսակ, որը ձևավորվել է Արաբական խալիֆայությունում և հարատևել մինչև 15-19-րդ դարեր։ Տես Մուլք։
ՄՈՒԼՔԻ, գյուղ Հայկական ԽՍՀ Ապարանի շրջանում, Քասաղ գետի աջ ափին, շրջկենտրոնից 1 կմ հարավ–արևելք։ Միավորված է Ապարանի կաթնա-անասնապահական խորհրդային տնտեսության հետ։
Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բնակիչների նախնիները եկել են Իրանից, 1829 թվականին։ 1941–1953 թվականին մուլքում գործել են 12 ձիաուժ հզորությամբ երկու ՀԷԿ։
ՄՈւԽԱ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Մոլդավիայի հսյուսիսում և Արևմտյան Ուկրաինայում մոլդավական բոյարների, լեհ և ուկրաինական շլյախտայի դեմ 1490–1492-ի գյուղացիական ապստամբության ղեկավարի մականունը (իսկական անունը անհայտ է)։ 1490 թվականին 9–10 հազար ապստամբներ Մուխայի գլխավորությամբ շարժվել են Գալիչ, Լվով, բայց Ռոգատին քաղաքի մոտ պարտվել։ 1491 թվականին ապստամբներին գլխավորել է Անդրեյ Բորուլյան (որոշ տվյալներով այդ անունով է գործել նույն Մուխան), նրանք հասել են մինչև Գալիչ, բայց շուտով ջախջախվել, իսկ նրանց ղեկավարը գերվել և մահապատժի է ենթարկվել (1491)։ Հետագայում (1492) հակաֆեոդալական շարժումը գլխավորել է մեկ ուրիշը, որն իրեն նույնպես կոչել է Մուխա։
ՄՈՒԽԱՆՔ, Մոխանք, Մխանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում, Գար–գար գետից հարավ (1250 կմ2 տարածությամբ), Մխանց իշխանական տոհմի տիրույթը։ V դարի 2-րդ կեսին Մուխանքը ևս անջատվել է Մեծ Հայքից և միացվել Աղվանից մարզպանությանը։ IX դարի սկզբին Մուխանքի իշխանն էր Ստեփանոս Աբլասադը, որը Բաբեկի օգնությամբ ջախջախել և իր տիրույթներից վանել է բաղասականցիներին։ Սակայն վերջիններիս հաջողվել է սպանել Ստեփանոս Աբլասադին և տիրել նրա կալվածները։ 12 տարի անց Հարավային Արցախի իշխան Եսայի Աբու Մուսեն, որը Ստեփանոս Աբլասադի քրոջ որդին էր, բաղասականցիներից ետ է նվաճել Մուխանքը, ինչպես նաև այն գավառները, որոնք մինչ այդ պատկանում էին իր քեռուն։
Գրականություն Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըսա «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։
ՄՈՒԽԱՏՈՎ Վելի (Վելիմուհամեդ) (ապրիլի 22, 1916), աուլ Բագիր, Աշխաբադ - հունվարի 6, 2005, Աշխաբադ, Թուրքմենստան), թուրքմեն սովետական կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965)։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1954–1959 թվականներին եղել է Թուրքմենական ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ։ Մուխատովը թուրքմենական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից է։ Նշանակալից գործերից են «Արյունոտ ջրբաժան» օպերան (1967), «Թուրքմենական սյուիտ» (1950), «Իմ հայրենիքը» (1951) սիմֆոնիկ երկերը, սիմֆոնիան (1973)։ Մուխատովը Թուրքմենական ԽՍՀ Պետական հիմնի հեղինակն է (1946)։ Գրել է նաև կանտատներ, երգեր, ռոմանսներ, երաժշտություն ֆիլմերի համար։ ԽՍՀՄ (1951, 1952), Թուրքմենական ԽՍՀ (1972) պետական մրցանակներ։
ՄՈՒԽԻՆԱ Վերա Իգնատևնա (1889 թվական հունիսի 19 (հուլիսի 1), Ռիգա - 1953 թվական հոկտեմբերի 6, Մոսկվա), սովետական քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։ Սովորել է Մոսկվայում՝ Կ․ Ֆ․ Յուոնի, Ի․ Ի․ Մաշկովի մոտ (1909–1912), Փարիզում՝ Է․ Ա․ Բուրդելի մոտ (1912–1914)։ 1909 թվականից ապրել է Մոսկվայում։ Դասավանդել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում (1926–1927) և Վխուտեինում (1926–1930)։ Մուխինայի դեռևս վաղ շրջանի աշխատանքներում նկատելի է կուբիզմի որոշ ազդեցությունը, ձևի մոնումենտալության և լակոնիզմի ձգտումը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրականացմանը (Ն․ Ի․ Նովիկովի հուշարձանի նախօրինակը, կավ, 1918, չի պահպանվել)։ 1920-ական թվականներին ստեղծել է հուշարձանների նախօրինակներ (Վ․ Մ․ Զագորսկու հուշարձանը, գիպս, 1921, ԽՍՀՄ հեղափոխության թանգարան, Մոսկվա), կոմպոզիցիաներ («Քամի», 1926–1927, «Գեղջկուհի», 1927, երկուսն
էլ՝ բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), դիմաքանդակներ («Ս․ Ա․ Կոտլյարևսկի», բրոնզ, 1929, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1930-ական թվականներին առավելապես զբաղվել է արվեստների սինթեզի խնդիրներով, որի արդյունքն էր նոր հասարակության խորհրդանիշ, աշխարհահռչակ «Բանվորը և կոլտնտեսուհին» 24-մետրանոց հուշարձանը (չժանգոտվող պողպատ, 1935–1937, ԽՍՀՄ պետական
մրցանակ, 1941, 1937 թվականներին զարդարել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի սովետական տաղավարը, այժմ՝ ԽՍՀՄ ԺՏՆՑ–ի հյուսիսային մուտքի առջև)։ Մուխինայի հետագա լավագույն գործերից են Մ․ Գորկու հուշարձանը (բրոնզ, գրանիտ, 1938–1939, ճարտարապետ Վ․ Վ․ Լեբեդև, Պ․ Պ․ Շտելլեր, 1952-ին դրվել է Գորկի քաղաքում), «Հաց» դեկորատիվ խմբաքանդակը (բրոնզ, 1939, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1941–1945 թվականներին ստեղծել է հիմնականում դիմաքանդակներ