Կղարջք
Կղարջք, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։ Գավառի կենտրոնն էր Արտանուջ բերդաքաղաքը[2]։
Հայտնի է որպես Կլարջեթ վրաց.՝ კლარჯეთი [kˈlɑrdʒetʰiː], Կաղարջք, Կալարջք, Կլարջք, Կլարճք (հուն. Καλαρ΄ξηνη, Καταρζηνη΄, վրաց. Կղարջեթի, արաբ. Qaearîτt), միջնադարյան Վրաստանի նահանգների մեկն էր, որը այժմ համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության Արդվին նահանգին։ Կլարջեթին և հարակից Տայք (վրացիների մոտ հայտնի է որպես Տաո) ու մի քանի այլ պատմական շրջանները հարուստ պատմություն և մշակույթ ունեցող մեծ տարածաշրջան էին կազմում, որը այժմ վրացիները անվանում Տաո-Կլարջեթ։
Նույնացվում է ուրարտական սեպաձև արձանագրություններում հիշատակվող Կատարզա և հին հայկական Գոդերձական տուն գավառին։ Մ.թ.ա. VIII դ. սկզբից ընդգրկվել է Ուրարտու թագավորության, ապա Մեծ Հայքի կազմում։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո մտել է Վրաց մարզպանության մեջ։ Կղարջքում շարունակել է իշխել հայ նախարարական տներից մեկը, որի ավագը ժառանգաբար կրում էր «Տանուտեր Կղարջքի» տիտղոսը, իսկ գավառը կոչվում «տանուտիրություն Կղարջից»։ Դժվարամատույց լեռներով ու անտառներով պատված Կղարջքը VII—VIII դդ. եղել է արաբական, հալածանքներից փախչող հայերի համեմատաբար ապահով ապաստանը։
VIII դ. վերջին Կղարջքում հաստատվեց արաբական, նվաճողների դեմ հայոց պայքարի կազմակերպիչներից մեկը՝ իշխան Վասակ Բագրատունին։ Նրա թոռը՝ Ատրներսեհի որդի Աշոտը, Բյուզանդիայի կայսրի կողմից կարգվեց Կղարջքի և շրջակա գավալների կուրապաղատ։ Նա վերակառուցեց Արտանուջի բերդը և այն դարձրեց Կղարջքի Բագրատունյաց ճյուղի իշխանանիստ ոստանը։ 826-ին Աշոտ Ι կուրապաղատը սպանվեց, արաբները գրավեցին Կղարջքը և ավերեցին Արտանուջի ամրությունները։ Մակայն նրա որդիներ Ատրներսեհը, Բագրատը և Գուարամը (Գարամ) շուտով տիրեցին հայրենի կալվածքները և բաժանեցին միմյանց միջև։ Կղարջքի կուրապաղատ դարձավ Բագրատը։ Այնուհետև կուրապաղատության մեջ էին Արտահան, Շավշեթ, Աճարա և Նիգալ գավառները, որի հյուսիսային սահմանը հասնում էր Սև ծով՝ ներառնելով Խուփթա նավահանգիստը։ Ընդունելով Շիրակի Բագրատունիների հովանավորությունը՝ Կղարջքի Բագրատունիները նրանց զինակցությամբ մինչև X դ. իրենց ենթարկեցին գրեթե ամբողջ Հյուսիսային Հայաստանն ու Վրաստանը՝ հաստատելով իրենց ճյուղերի գերիշխանությունը։ IX—X դդ. Կղարջքը ապրել է տնտեսական և քաղաքական մեծ վերելք։ Կոստանդին Ծիրանածինը Արտանուջ քաղաքը հիշատակում է որպես միջազգային առևտրի խոշոր կենտրոն։ Կղարջքում կառուցվում են բազմաթիվ հայկական վանքեր ու եկեղեցիներ։ X դ. վերջից Կղարջքը միացվեց վրաց Բագրատունիների թագավորությանը։ XI դ. սկգբին այն նվաճեց Բյուզանդիան։ Ըստ բյուզանդական կառավարիչ Եվստաթիոս Բոյիլասի կտակի, Կղարջքի հայ բնակչության գերիշխող մասը կառչած էր իր ավանդական եկեղեցուն, իսկ որոշ մասը դարձել էր քաղկեդոնական։ Սելջուկյան թուրքերի նվաճումներից (XI դ. կես) և Բյուզանդիայի գերիշխանության թուլացումից հետո Կղարջքը կրկին անցավ վրաց Բագրատունիներին։ XIII դ. առաջին կեսին այն ենթարկվեց թաթար-մոնղոլների ավերածություններին։ 1266 թվականից Կղարջքը մտնում էր Սամցխե-Սաաթաբագոյի իշխանության մեջ։ XIV—XV դդ. Կղարջքի բնակչությունը մասամբ ենթարկվեց բռնի մահմեդականացման։ XVI դարից Կղարջքը զավթեցին օսմանյան թուրքերը։ 1787-1833 թվականներին Արտանուջը տիրող թուրքական Փաշենց Պոտի կոչված տոհմը շարունակ կողոպտել և նեղել է շրջակա հայ և վրացի բնակչությանը։ 1878 թվականից Կղարջքն անցավ ցարական Ռուսաստանին։ Այն որպես առանձին վարչական միավոր (Արդվինի գավառ) մտնում էր Բաթումի մարզի մեջ։ 1921 թվականին Կղարջքը դարձյալ անցավ Թուրքիային։ Կղարջքի Աղյուսո (Ախիզա), Անչա, Արտանուջ, Բերդակ (Բերթա), Խանձիթ (Խանձտու), Միջնաձոր, Նոր գեղ, Շատբերդ, Ոպիզա և այլ հին ու նոր բնակավայրերի հայերը ենթարկվեցին բռնի տեղահանման, մահմեդականացածները ձուլվեցին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Արտանուջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 486)։ |