[go: nahoru, domu]

Jump to content

Հայկ նահապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:450px-Hayk statue.JPG
Հայկ

Հայկ, Հայկ Նահապետ, Հայկ դյուցազն՝ հայոց նահապետ, ազգապետ: Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»: Հայկը դյուցազն է, սերում է դիցերից: Համաձայն որոշ մեկնաբանությունների, Հայկը Հաբեթի սերունդներից էր եւ այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ: Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»:

Հայկը հաղթանդամ եւ վաելչակազմ ռազմիկ է, որսորդ: Նրա զենքը՝ թուրը եւ նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով: Հայկը նաեւ տոհմապետ է, որ տալիս է հասարակությանը աստվածային ծագման օրենքներ, կարգաորում է հասարակությունը: Հայկը կարգավորում է նաեւ ժամանակը՝ ըստ Անանիա Շիրակացու հաղորդության, հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների եւ դուստրերի անուններից:

Հայկի կյանքի ամենավառ դրվակը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ: Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ եւ պարտադրում այլոց պաշտել իրեն: Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատների եւ ցեղակիցների վրա: Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանիակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեքհարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք: Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում Տաւրուբերանի Հարք գավառում: Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք». հավանաբար, Հարք անվանումը կապված է Հարիանա կամ Արիանա արիաց նախահայրենիքի հետ, որը ըստ որոշ տեսությունների տեղակայվում է Հայոց լեռնաշխարհում, Արածանի գետի հովիտում եւ շրջակայքում: Հարքում Հայկը հիմնում է բնակավայր եւ անվանում այն Հայկաշեն (այս բնակավայրը երբեմն դիտվում է որպես իդեալական հայկական հասարակության ավան):

Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորէստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք: Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել Հայկական լեռնաշխարհի հարավում՝ Կորճայքում, Արարադ լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ: Հայկը իր բազմաթիվ զավակներով եւ թոռներով Հայկաշենից մեկնում է (Վանա լճի հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան Վան քաղաքը: Վանից հարավ ընկած Հայոց Ձոր կոչվող գետի հովիտում Հայկը եւ Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ: Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձեւ գետի հյուսիսային (աջ) ափին, աջից եւ ձախից տեղադրելով իր ավագ որդուն եւ թոռանը՝ Արամանիակին եւ Կադմոսին: Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը եւ հարձակվել Հայկի եւ իր զորախմբի վրա: Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետեւում է մարտին:

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է ցետը եւ, մոտենալով Բելի կայքին, նետահարում է նրան եռաթեւ նետով: Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով եւ մեխում նրան գետնին: Տեսնելով Բելի մահը, նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում:

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ: Այդ կիկլոպյան ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս: Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք եւ, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարցնել նրա գերեզմանը ի զգուշացում բլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա: Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի եւ նրա բազբաթիվ արարքների, ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք: Դրանից հետո ապրելով երկար տարիներ, Հայկի արեւը (հոգին) համբարձվում է երկինք եւ դառնում Օրիոն համաստեղությունը, որը հայերը անվանում են Հայկի համաստեղություն:

Չնայած որոշ առասպելական դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա եւ արտացոլում է վաղ, դեռեւս նախապետական հայկական ցեղախմբերի պատերազմները հյուսիսային Միջագետքից Հայկական լեռնաշխարհ ներխուժող ցեղերի դեմ: Բացի այդ, Հայկի անունը եւ առասպելացված արարքները հիշատակվում են նաեւ արեւմտաիրանական ցեղերի մոտ եւ գտել են իրենց արտացոլումը Աւեստայում Հայոշյանգ (Հուշանգ) անվան տակ: Հայկից է սերում Հայկազնունի արքայատոհմը: Այդ ազնվական հարստության վերջին ներկայացուցիչը՝ Վահե արքան զոհվեց Գավգամելում, Հայքը Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից պաշտպանելիս: Մի շարք այլ հայոց ազնվական տոհմեր իրենց ակունքների սկիզբ են համարում Հայկ Նահապետին. դրանցից են Բզնունիները, Խորխորունիները, Մանդակունիները, Վահեւունիները, Վարաժնունիները, Առանշահիկները եւն: Ժամանակակից գիտնականների մի մասը այլեւս հրաժարվում է դիտարկել Հային որպես զուտ առասպելական անձ եւ հակված է մեկնաբանել նրա կերպարը որպես ոմն իրական հայոց տոհմապետի առասպելացված կերպար:

Հեղինակ՝ Վրեժ Աթաբեկյան

Հոդվածը հրապարակված է հեղինակի համաձայնությամբ:

Grogh [| Հայ հեթանոսական աստվածները]