Չերնուշկա (քաղաք)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չերնուշկա | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Q4514217? և Չերնուշինսկի շրջան | ||||
Հիմնադրված է | 1854 թ. | ||||
Մակերես | 29,11 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մետր | ||||
Բնակչություն | ▲33 092 մարդ (2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 34261 | ||||
Փոստային դասիչ | 617830–617834 | ||||
Պաշտոնական կայք | chernadmin.ru(ռուս.) | ||||
| |||||
Չերնուշկա, քաղաք (1966 թվականից) Ռուսաստանի Դաշնության Պերմի մարզում։ Չերնուշինյան համայնքի վարչական կենտրոնն է, 2006 թվականի հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման բարեփոխումից հետո համարվում է նաև Չեռնուշինյան քաղաքային բնակավայրի վարչական կենտրոնը։
Բնակչությունը` 32 982 մարդ (2016)։ Քաղաքի մակերեսը՝ 29,11 կմ²[2]։
Քաղաքի տարածքում տեղակայված է Մոսկվա-Կազան- Եկատերինբուրգ երկաթուղու «Չերնուշկա» երկաթուղային կայարանը։
Չերնուշկան արդյունաբերական կենտրոն է Պերմի մարզի հարավում, ուր կան նավթային ընկերություններ, շինարարական և վերամշակող ձեռնարություններ։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն իր անվանումը ստացել է ճահիճների միջով հոսող, խիտ սիզապատ ափեր ունեցող ոչ մեծ գետից, որի ջրերը միշտ մուգ ու մռայլ էին, քանի որ արևի լույսը, մի կերպ ներթափանցելով անտառի միջով, դժվարությամբ էր ներթափանցում ջրի խորքը. սրա համար էլ գյուղացիները այն անվանել են Չերնուշկա[3]։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Բույյան բլրածածկ հարթավայրի արևելյան հատվածում, բլրաշատ Ուրալին կից, Տուլվինյան բարձունքի լեռնաճյուղի վրա, լայնատերև-փշատերև անտառների գոտում՝ կրելով տեսանելի անտրոպոգեն ազդեցություններ։
Ռելիեֆ և երկրաբանական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Արևելաեվրոպական պլատֆորմի արևելյան ծայրամասի վրա, ուր պլատֆորմի խորությունը հասնում է 4-6 կիլոմետրի՝ ձևավորելով Նախաուրալյան եզրային ճկվածքը, որը լցված է հիմնականում ծովային շագմամբ նստվածքային ապարների շերտերով
Քաղաքի տեղանքի ռելիեֆը բլրոտ հարթավայրային է, ընդհանուր առմամբ քաղաքի ներսում մակերևույթների տարբերությունները չնչին են։
Չերնուշինյան քաղաքային բնակավայրի ընդհանուր մակերեսը 3340 հա է, որից 2911 հաը զբաղեցնում է Չերնուշկա քաղաքը, 400 հա-ը՝ Ազինսկի գյուղը և 29 հա-ը՝ քաղաքային գերեզմանատունը։ Հողային ֆոնդի պատկերը հետևյալն է ՝ գյուղատնտեսական հողեր՝ 1371 հա, անտառներ՝ 548 հա, անտառային տնկարկներ՝ 79 հա, ջրային հողեր՝ 33 հա, կառուցապատված տարածքներ՝ 1309 հա։
Էկոլոգիա և բնապահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի օդային ավազանը աղտոտվում է կաթսայատների և տրանսպորտային արտանետումներից (ըստ Սանէպիդ ծառայության չափումների՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան պիկ-ժամին 2-3 անգամ ավել է լինում)։
Քաղաքում մակերևույթային ջրերը աղտոտված են և ոչ պիտանի՝ խմելու համար։ Հիմնական աղտոտիչներն են՝ կոյուղագծերը, անասնաբուծական ֆերմաների կոյուղագծերը, նավթամթերքները։
Ստորերկրյա ջրերը ևս զգալիորեն աղտոտված են, որը պայմանավորված է նավթահորերի ներմղիչ բացվածքների ոչ հերմետիկ շահագործմամբ, ինչի հետևանքով ջրի մեջ հայտնվում են նավթամթերքներ, ռեակտիվ նյութեր, ածխաջրածին։
Քաղաքում կան տեղական նշանակության հատուկ պահպանվող բնության տարածք՝ «Մշակույթի քաղաքային այգին» (իրենից ներկայացնում է եղևնու-լորենու խոշորատերև մի անտառ՝ 87,0 հա մակերեսով)։ Մինչև 2004 թվականը այն ներառնված էր Պերմի մարզի բնության հուշարձանների ցանկում, բայց հանվեց այստեղից, քանի որ առաջին հերթին որպես քաղաքի բնակիչների հանգստի վայր ունի ռեկրեացիոն նշանակություն
Ջրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հոսում է նույնանուն ոչ մեծ գետակը, որի վրա լճակ է ստեղծվել։ Քաղաքի մոտակայքում հոսող այլ գետեր ևս կան, որոնք ռեկրեացիոն նշանակության են՝ Տանիպը, Ստրեժը, Կարմալկան։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն-ցամաքային է ։ Բնորոշ է երկարատև ձմեռը և բավականին շոգ ամառը։ Ջերմաստիճանի օրական և տարեկան ամպլիտուդը նշանակալի է։ Տարեկան ջերմաստիճանի ամպլիտուդը կազմում է 50 — 60 °C[4]:
Միջին տարեկան ջերմաստիճանը + 1,5 °C է, հունվարի միջին ջերմաստիճանը `17.6 °C է, հուլիսի միջին ջերմաստիճանը՝ + 19.8 °C:
- Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 40 °C (2012 թվականի հուլիս);
- Ամենացածր ջերմաստիճանը՝ −54 °C (1979 թվականի հունվարի 1);
- Ամենաուժեղ քամին՝ 33 մ/վ
Տեղումների տարեկան նորման կազմում է 583 մմ է, տեղումների մաքսիմալ քանակությունը սովորաբար լինում է հունիս-օգոստոսին, իսկ մինիմալ քանակությունը՝ հունվար-փետրվարին։
Կայուն ձնածածկույթը ձևավորվում է նոյեմբերի առաջին տասնօրյակում, իսկ ձնհալը տեղի է ունենում ապրիլի երրորդ տասնօրյակում;Մարտի երրորդ տասնօրյակին
ձնածածկույթի բարձրությունը կարող է հասնել մինչև 80 սմ-ի։ 1999 թվականին ին ձյան բարձրությունը հասել է 106 ս-ի։
Նորմալ մթնոլորտային ճնշումը՝ -743 մմ սնդիկի սյան է։
Գերակշռող քամիները հարավարևմտյան և արևմտյան են ։ Սեպտեմբերից ապրիլ փչում են հարավային և հարավարևմտյան քամիները, իսկ ապրիլից սեպտեմբեր՝ արևմտյան։ Քամու արագությունը տատանվում է 3-ից 5 մ / վրկ։ Քամու ամենամեծ արագությունը լինում է գարնանը և աշնանը, ամռանը երբեմն լինում է կատարյալ անհողմություն։
Ժամային գոտի
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերնուշկան, ինչպես նաև ողջ Պերմի մարզը, գտնվում է Եկատերինբուրգյան ժամանակի ժամային գոտում։ UTC –ի՝ Համաշխարհային կոորդինացված ժամանակի հետ համեմատած տարբերությունը կազմում է +5:00: Մոսկվայի ժամային գոտու հետ համեմատած +2 ժամի տարբերություն է և Ռուսաստանում նշվում է որպես MSK+2:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերնուշկա բնակավայրի մասին առաջին հիշատակումները հայտնաբերվել են 1858 թվականի Ռևիզիական հեքիաթում, որտեղ մատնանշվում է, որ 4 տնտեսություն ունեցող Չերնուշկա գյուղը, վերաբնակեցված Չերդինից եկածներով, գոյություն ունի 1854 թվականից։ 1869 թվականին այստեղ հաշվում էին արդեն 35 տնտեսություն[3]։
Բնակավայրի զարգացման գործում մեծ դեր է խաղացել 1913-1920 թվականներին Տրանսսիբիրյան երկաթուղային մագիստրալի մաս կազմող Կազան-Եկատերինբուրգ (Կազանբուրգյան) երկաթուղու շինարարությունը։ Ապագա երկաթուղային գիշը բաժանված էր 7 մասերի. Չերնուշկան մտնում էր 4-րդ մասի մեջ (գլխավոր կազմակերպությունը գտնվում էր Սարապուլում, շինարարների շտաբը գտնվում էր Տաուշում, այստեղ էր ապրում նաև ղեկավարությունը, իսկ շինարարները ապրում էին Չերնուշկայի բարաքներում)[5]։ Չերնուշկա գյուղից 3-4 կմ հեռավորության վրա կառուցվել են երկաթուղային կայարան և կայարանամերձ գյուղակ, որը կոչվել է Չերնուշկա՝ մոտակա գյուղի անունով
Քաղաքացիական պատերազմի տարիներին Չերնուշինյան շրջանի տարածքում երկաթուղու շրջակայքում առավել կատաղի մարտեր են մղվել, քանի որ դրան տիրելը հնարավորություն կտար ոչ միայն տրանսպորտային գործողություններ իրականացնել, այլ նաև օպերատիվ կերպով օգտագործել առկա պաշարները։ 1918-1919 թվականների ընթացքում Կազան-Եկատերինբուրգ երկաթուղու շրջանը եղել է Ազինյան 28-րդ հետևակային դիվիզիայի ռազմական գործողությունների տեղանքը. դիվիզիան երեք անգամ Չերնուշկա կայարանի մոտով անցել է ապագա Չերնուշինյան շրջանով։
1918 թվականի դեկտեմբերի վերջին Չերնուշկա կայարանի մոտ ծանր կռիվ է տեղի ունեցել, որտեղ կուտակվել էին հացով լի 170 երկաթգծային վագոններ։ Բ. Մ. Ազինի շտաբը գտնվել է երկաթգծի կայարանի շենքում։
Շրջանային կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական նոր բաժանման հետ պայմանավորված Պարմի նահանգի Օսինսկի ուեզդի Ռյաբկովսկի, Ատնյաշինսկի, Բեդրյաժսկի, Տաուշիսկի, Երմիևսկի ավանների և Ուֆայի նահանգի Բիրսկի ուեզդի Պավլովսկի, Վերին-Տատիշլինսկի (մասամբ) ավանների հիմքի վրա 1924 թվականի փետրվարին կազմավորվեց Ռյաբկովսկի շրջանի Սարապուլյան օկրուգի Ուրալյան մարզը։
Սակայն, Ռյաբկի գյուղը երկաթգծից հեռացնելու հետ կապված, 1925 թվականի դեկտեմբերին որոշում ընդունվեց շրջկենտրոնը Չերնուշկա տեղափոխելու մասին. համապատասխանաբար շրջանը վերանվանվեց Չերուշինյան։ 1929 թվականին կառավարության հատուկ որոշմամբ շրջկենտրոնից «կտրվեցին» այն հողերը, որոնք պատկանում էին Չերնուշկա գյուղի գյուղական համայնքին։ Սկսվեց հանրային բնակելի շենքերի կառուցումը։ Որոշ շենքեր վերակառուցվեցին, որոշ տներ բերվեցին գյուղերից (գնվում էին գյուղացիներից կամ բռնագրավվում էին կուլակներից և այլ ռեպրեսիվ տարրերից) , այստեղ տեղափոխվեցին նաև Սպասո-Պրեոբրաժենսկի եկեղեցին։ Մի որոշ ժամանակ շրջանի իշխանական մարմինները շարունակեցին մնալ Ռյաբկի գյուղում, նրանց վերջնական տեղափոխումը Չերնուշկա տեղի ունեցավ միայն 1930 թվականին։
Նոր շրջկենտրոնը ցանկանում էին անվանել «Ազինսկի», բայց սա չհաստատվեց, քանի որ բնակչությունը սովոր էր «Չերնուշկա»-ին և համառորեն կառչած էր դրանից։
Չերնուշկայում արդյունաբերական, վարչական և բնակելի շենքերի ինտենսիվ շինարարություն սկսվեց։ 1930 թվականին բացեցին մեքենա-տրակտորային կայարանը (գործել է մինչև 1958 թվականը), 1932 թվականին կառուցվեց վուշի գործարանը (գործել է մինչև 1960-ական թվականները)[6]։ Կառուցվեց նաև մամլած ծղոտի գործարանը, որը մամլած ծղոտ էր արտադրում բնակելի տների և էլեվատորների շինարարության համար։
Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Խարկովից Չերնուշկա տարհանվեցին № 648 ռազմական գործարանը, որը դաշտային հեռախոսներ էր արտադրում, УТ-2 ինքնաթիռների վերանորոգման արտադրամասը, Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային նավատորմի նավաստիների նախնական ուսուցման դպրոցը։ հետագայում նրանք ուղարկվում էին արևմուտք՝ Կարմիր Բանակին օգնության։
Չերնուշկա կայարանում 1941 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ձևավորվում է 48-րդ հրաձգային բրիգադը, որի պատվին անվանակոչվել է քաղաքի փողոցներից մեկը։ Իսկ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ձևավորվում է 125-րդ հրաձգային բրիգադը։
Մեծ Հայրենական պատերազմի ավարտից հետո ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության Հրամանով 1945 թվականի հուլիսի 4-ին Չերնուշկային բանավանի կարգավիճակ է շնորհվում։ Թեպետ արդյունաբերությունը շարունակում էր նախապատերազմական մակարդակի վրա գտնվել, հարևան գյուղերից ներգաղթի գործընթաց է սկսվում և բանավանը սկսում է ավելի արագ զարգանալ։
Մինչ 1958 թվականը բնակավայրի արդյունաբերությունը մասնագիտանում է գյուղմթերքների վերամշակման մեջ։ 1940-ական թվականների վերջին կառուցվեցին ձիթագործարանը և սպանդանոցը։ 1954 թվականին կառուցվեց շրջանային սննդի կոմբինատը, որը մթերք էր մատակարարում 15 շրջանների։
Նավթարդյունահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերնուշկայի զարգացման կարևոր փուլ է համարվում տեղական նավթահանքերի հայտնաբերումը։ Նավթահանքերի շահագործումը սկսվել է 1940-ական թվականների վերջերից։ Նավթարդյունահանումը սկսվել է 1958 թվականին՝ նավթային ձեռնարկությունների և նավթարդյունահանողների համար գյուղակի կառուցմամբ։ 1958 թվականի հուլիսի 1-ին Չերնուշկայում, և ոչ թե նախապես պլանավորած Կուեդայում, ստեղծվեց նավթահանքերի գործակալությունը (НПУ): 1971 թվականին կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նավթարդյունաբերության նախարարությունում ձևավորվեց «Պերմնավթ» միավորումը, որը բաղկացած էր 5 վարչություններից, այդ թվում՝ «Чернушканефть» նավթի և գազի արտադրության վարչությունը (НГДУ) : Հիմնադրվեցին նավթագործ բանվորներին ծառայություններ մատուցող բազմաթիվ կազմակերպություններ՝ УБР (հորատման աշխատանքների կառավարչություն), КРС (հորատանցքերի հիմնանորոգում), УТТ (տեխնոլոգիական տրանսպորտի կառավարչություն) և այլն։
ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության 1966 թվականի փետրվարի 7-ի Հրամանով Չերնուշկային քաղաքի կարգավիճակ է տրվում։
1960-80-ական թվականներին քաղաքն ինտենսիվ զարգացում էր ապրում։ Կառուցվում էին բնակելի շենքեր, սոցիալ-մշակութային օբյեկտներ, դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ։ 1966 թվականին կառուցվեց քաղաքի առաջին հնգահարկ շենքը[3]։
1974 թվականին կառուցվեցին նավթապոմպակայանը (НПС) և Չերնուշկա-Կալտասի նավթամուղը։ Տարիների ընթացքում նավթարդյունահանումը միայն ավելանում է, ինչը նշանակալիորեն դրականապես անդրադարձավ քաղաքի ընդհանուր տնտեսական վիճակի բարելավման վրա։ Առավելագույն արդյունահանումն իրականացվել է 1976 թվականին՝ 9 մլն 462 հազար տոննա նավթ։ Սրանից հետո արդյունահանման ծավալները աստիճանաբար նվազել են։
1990-ական թվականներին շահագործվել են նոր հանքեր։ 1993 թվականին НГДУ-ի «Чернушканефть»-ի մասնաբաժինը կազմել է տարածաշրջանում արդյունահանած նավթի (4 175 800 տոննա) 45 %-ը[5]։
ԽՍՀՄ-ի անկմամբ սրվեցին ճգնաժամային դրսևորումները. գործարանները նավթ չէին ընդունում, իրացված նավթի դիմաց չէին վճարում (1993 թվականին վճարվել է իրացվածի 22,4 %-ը)։ Առավել բարդ էր իրավիճակը 2002 թվականին, երբ իրենց աշխատանքները դադարեցրեցին նավթահոր բանվորներին ծառայություններ մատուցող մի շարք ձեռնարկություններ, որի արդյունքում հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը, իսկ 2004 թվականին դադարեց գործելուց նաև НГДУ «Чернушканефть»-ը[4]։
Վերջին տարիներին իրավիճակը փոքր-ինչ կայունացել է։ Նավթահան արտադրամասը (ЦДНГ) և սպասարկման ձեռնարկությունները շարունակում են իրենց գործունեությունը, այդ թվում՝ Պերմի մարզից դուրս։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիների ընթացքում քաղաքի բնակչության թիվն աճել է ինչպես շրջանի գյուղերից միգրացիոն հոսքի հաշվին, այնպես էլ բանկան աճի շնորհիվ։ Այսպես, 2009 թվականին բնակչության բնական աճը կազմել է 124 մարդ, իսկ 2008 թվականին՝ 92 մարդ[2]։
2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 272 մարդ, այդ թվում՝ 15 429 տղամարդ և 17 843 կին[7]։
Չերնուշկացիների միջին տարիքը 34 է։
Քաղաքի ազգային կազմը միատարր չէ, բայց գերակշռում է ռուս բնակչությունը, բազմաքանակ է թաթարների, բաշկիրների համայնքները, կան ուդմուրտներ, չուվաշներ, մարիներ, հայեր և այլ ազգի ներկայացուցիչներ։
Վարչական կարգավիճակը և կառավարման մարմինները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարչական կարգավիճակը
2006 թվականի հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման բարեփոխման արդյունքում Չերնուշկա քաղաքը ներառվել է Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի կազմի մեջ։ Բացի Չերնուշկա քաղաքից, դրա կազմի մեջ մտնում է նաև Ազինսկի ավանը, որը գյուղական բնակավայր է[8]։
- Կառավարման մարմինները
Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքը հետևյալն է[8]՝
- տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմին՝ Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի Դումա,
- տեղական ինքնակառավարման ընտրովի բարձրագույն պաշտոնյա՝ Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի ղեկավար,
- տեղական ինքնակառավարման գործադիր մարմին՝ Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի վարչակազմ,
- տեղական ինքնակառավարման վերահսկիչ մարմին՝ Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի հսկիչ-վերստուգիչ հանձնաժողով
Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի Դուման կազմված է 20 պատգամավորից, ովքեր ընտրվում են բազմամանդատ (եռա-, քառա-, հնգամանդատ) ընտրատարածքներից[9]՝ լիազորությունների 5 տարվա ժամկետով[8]։ Դումայի նախագահը Իվան Լեոնիդովիչ Ռատեգովն է։
Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի ղեկավարը բարձրագույն պաշտոնատար անձն է և գլխավորում է քաղաքային բնակավայրի վարչակազմը, միանձնյա և անձնական պատասխանատվության սկզբունքով ղեկավարում է այն։ Ընտրվում էբնակավայրի տարածքում ապրող և ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կողմից համընդհանուր, հավասար և ուղիղ ընտրությունների միջոցով, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարով[8]։
2008 թվականի հոկտեմբերի 23-ին Չերնուշինսկյան քաղաքային բնակավայրի ղեկավար է ընտրվել Յուրի Ալեքսանդրովիչ Կիսլիցինը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rosstat.gov.ru/compendium/document/13282 (ռուս.) — Росстат, 2023.
- ↑ 2,0 2,1 «Официальный сайт Администрации Чернушинского поселения» — Чернушка в цифрах. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Н. А. Козлова. История Чернушинского района: Материалы к урокам по историческому краеведению / под общ. ред. к.и.н. Н. Д. Волошина. — Пермь: Пермское книжное издательство, 2006. — 1000 экз.
- ↑ 4,0 4,1 Березовик В. Е., Скачкова Н. В., Бабич Т. А. География Чернушинского района (Пособие для учителей и учащихся) / под общ. ред. к.и.н. Н. Д. Волошина. — Чернушка, 2005. — 500 экз.
- ↑ 5,0 5,1 Хлопин В. Г. История Чернушинского района (конец XIX в. — 1945 г.). — Пермь: Пермское книжное издательство, 2000. — 280 с. — 1000 экз. — ISBN 5-93683-006-3
- ↑ Е. Н. Шумилов. — Чернушка«Энциклопедия "Пермский край"». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Численность и размещение населения Пермского края». Территориальный орган Федеральной службы государственной статистики по Пермскому краю. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «РЕШЕНИЕ Думы Чернушинского городского поселения от 18.11.2005 № 7» — О принятии Устава Чернушинского городского поселения. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Официальный сайт Чернушинского городского поселения» — Избирательные округа. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Официальный сайт Чернушинского городского поселения» — Глава города. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չերնուշկա (քաղաք)» հոդվածին։ |
|