Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալպիական մանուշակ (այլ կիրառումներ)
Արջտակ (լատին․՝ Cyclamen), մանոշ, արանց ծաղիկ, ալպիական մանուշակ, գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 55, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արջտակ գարնանային (C. coum)։
Տերևներն արմատամերձ են, երկար կոթուններով, ձվաձև, սրտաձև հիմքով, ամբողջաեզր, վերևի մասում՝ նրբագեղ նախշերով ծածկված։ Ծաղկակիր ցողունը տերևազուրկ է, երկարությունը՝ 3-18 սմ, կրում է մեկ ծաղիկ։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ, անկյունավոր։
Հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին լեռնային գոտում։ Աճում է անտառներում, թփուտներում, լեռնալանջերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Արմատները մսոտ են, պալարանման հաստացած։ Փակ գրունտում մշակվում են արջտակ պարսկականը (C. persicum) և նրա սորտերը (շքեղ, հսկայական, փայլուն, ռոկոկո և այլն)՝ որպես գեղազարդիչ և թաղարային բույս, նաև կտրած ծաղիկ ստանալու համար (ծաղիկները բազմերանգ են, երբեմն՝ բուրավետ)։ Ծաղկում է հոկտեմբեր-ապրիլին։ Որոշ տեսակներ (պալարները) օգտագործվում են որպես դեղաբույս, պարունակում են սապոնիններ։ Պատրաստուկներն օգտագործվում են ճակատային և վերին ծնոտային ծոցերի բորբոքման ժամանակ, օժտված են նաև սիրտանոթային ազդեցությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 113)։
|