Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ | |
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Իսկական մողեսներ (Lacertidae) |
Ցեղ | Eremias |
Տեսակ | Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ (E. arguta) |
Միջազգային անվանում | |
Eremias arguta | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ (լատին․՝ Eremias arguta transcaucasica), իսկական մողեսների ընտանիքի, անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Ommateremias ենթացեղին կամ ցեղին։ Արևմտյան Անդրկովկասի էնդեմիկ ենթատեսակ է։ Հայաստանում տարածված է Գեղարքունիքի մարզում։ Բնակվում է լեռնատափաստանային բուսականությամբ ծածկված ավազուտային ու քարքարոտ վայրերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 2,5-9,6 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր վահանիկներով, դիմային հատվածը՝ նեղ։ Որովայնային մակերեսը ծածկված է մանր վահանիկների բազմաթիվ երկայնակի շարքերով։ Մեջքը գորշամոխրագույն է՝ սև եզրագծով և բաց գույնի կենտրոնական հատվածներով խոշոր խալերով, որոնք կազմում են 6-8 երկայնակի զոլեր։ Խալերը, միմյանց ձուլվելով, առաջացնում են լայնակի զոլերից բաղկացած խայտաբղետ նախշ։ Բաց գույնի կլորավուն խալեր կան նաև վերջույթների վրա։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվում է մանր հոդվածոտանիներով։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբ։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ մայիսի վերջից հուլիս, դնում 4-6 ձու (13-14x8 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբ։
Օգտակար է՝ կարգավորում է միջատների թվաքանակի աճը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը լայնորեն տարածված է Հյուսիսարևելյան Ռումինիայից՝ արևմուտքում, մինչև Հարավարևմտյան Մոնղոլիա և Հյուսիսարևմտյան Չինաստան՝ արևելքում, ինչպես նաև մինչև Թուրքիա և Իրան՝ հարավում։ Հյուսիսային Եվրասիայի սահմաններում հանդիպում է Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Ղազախստանում, Միջին Ասիայի երկրներում, Հյուսիսային Կովկասում և Հարավային Կովկասում։
Հայաստանում միակ հայտնի պոպուլյացիան գտնվում է Սևանա լճի հարավային ափին և Նորադուզ գյուղի շրջակայքում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիստ սակավաթիվ և հիմնական արեալից կտրված, միայն Հայաստանում հանդիպող անհետացող ենթատեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
1961 թվականին Մարտունի գյուղի շրջակայքում պահպանված վերջին 27 հասուն մողեսիկները որսվել են նեղ հողաշերտում՝ դաշտերի և Սևանա լճի ափի միջև և բաց են թողնվել Նորադուզ գյուղի մոտակայքում։ Այդ առանձնյակներն առաջացրել են նոր պոպուլյացիա, որն աստիճանաբար լայնացնում է իր սահմանները։ Ներկայումս դրանց թվաքանակը կազմում է 80-150 առանձնյակ։
Սպառնացող վտանգներից է ընտանի կենդանիների գերարածեցումը և գյուղատնտեսական նպատակներով ապրելավայրերի մշակումը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |