[go: nahoru, domu]

Jump to content

Բորիս Լեգրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Լեգրան
Դիմանկար
Ծնվել է1884[1][2]
Մահացել է1936[1][2]
ԳերեզմանKazachye Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի դեսպան
ԿուսակցությունԽՄԿԿ

Բորիս Վասիլևիչ Լեգրան (ռուս.՝ Бори́с Васи́льевич Легра́н, 1884[1][2] - 1936[1][2]), խորհրդային դիվանագետ և պետական գործիչ։ 1920 թվականին գլխավորել է Լեգրանի պատվիրակությունը՝ Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական ներկայացչությունը Հայաստանում։ 1926-1927 թվականներին եղել է Խորհրդային Միության հյուպատոսը Չինաստանում, 1931-1934 թվականներին՝ Պետական Էրմիտաժի տնօրենը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիսը Լեգրանը ծնվել է 1884 թվականին, պետական ծառայողի ընտանիքում։ 1901 թվականից անդամակցել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ցարական բանակում, այնուհետև Պետրոգրադում մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1918 թվականին նշանակվել է ծովային գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ։

Լեգրանի առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի ամռանը Լեգրանի գլխավորությամբ կազմվել է ՌԽՖՍՀ Ժողկոմխորհի պատվիրակությունը Հայաստանում, որի նպատակն էր կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները։ 1920 թվականի հուլիսին Լեգրանը նշանակվել է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում և ժամանել է Անդրկովկաս, սակայն Հայաստանի կառավարությունը հապաղել է նրան ընդունել։ Թիֆլիսում Լեգրանը բանակցել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրվել է Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև, որով ՌԽՖԱՀ ճանաչում էր Հայաստանի Հանրապետությունը, կողմերի միջև դադարեցվում էին ռազմական գործողությունները, ՌԽՖՍՀ զորքերը մնում էին հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում, մինչև դրանց պատկանելության որոշումը։

1920 թվականի հոկտեմբերին Լեգրանի առաքելությունը ժամանել է Երևան, որտեղ շարունակվել են բանակցությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Մշակվել է հաշտության պայմանագրի նախագիծ, համաձայն որի ՌԽՖՍՀ ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, հրաժարվում էր նախկինում նրա նկատմամբ ունեցած իր իրավունքներից, խոստանում իր աջակցությունը արևմտյան Հայաստանի տարածքները միացնելու գործում, պարտավորվում հետ քաշել թուրքական զորքերին մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը, ֆինանսական օգնություն ցույց տալ Հայաստանին։ ՌԽՖՍՀ ստանում էր երկաթուղային ճանապարհներից օգտվելու տրանզիտի իրավունք։ Պայմանագրի նախագիծը մերժհլ է ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոն և Ադրբեջանական կոմկուսի ԿԿ քաղբյուրոն։ Հայ-թուրքական պատերազմի ընթացքում շարունակելով բանակցությունները Հայաստանի Հանրապետության հետ՝ Լեգրանի առաքելությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրել է համաձայնագիր, որով խորհրդայնացվել է Հայաստանը։

Հետագա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին Լեգրանը նշանակվել է Հարբինում Խորհրդային Միության հյուպատոս, սակայն հաջորդ տարի հետ է կանչվել Կենտրոնական կոմիտեի կողմից աշխատանքում իր կատարած բացթողումների համար։

1931 թվականին Լեգրանը նշանակվել է Լենինգրադի Պետական Էրմիտաժի թանգարանի տնօրեն։ Լեգրանի տնօրինության ժամանակ արևմտյան երկրներին են վաճառվել Պետական Էրմիտաժի հավաքածուի հազարավոր ստեղծագործություններ՝ Խորհրդային Միությունում ընթացող ինդուստրացման համար դրամ հայթայթելու նպատակով։ 1934 թվականին նրան այդ պաշտոնում փոխարինել է Հովսեփ Օրբելին։

1936 թվականին Բորիս Լեգրանը մահացել է Լենինգրադում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CONOR.SR
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։