Ներկում
Ներկում, մանվածքին, գործվածքին, կաշվին, մորթուն, թղթին, պլաստմասսաներին և այլ նյութերին լույսի, շփման, ջրի, քրտինքի, օճառի, լվացող այլ միջոցների նկատմամբ կայուն գույն տալու գործողություն։ Նյութի մակերևույթի ծածկումը գունավոր և պինդ թաղանթ առաջացնող հեղուկներով կոչվում է ներկապատում։
Ներկման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկումը հայտնի էր դեռ հին դարերում։ Ներկման եղանակի ընտրությունը պայմանավորված է ներկվող նյութի և օգտագործվող ներկանյութի առանձնահատկություններով։ Թղթի զանգվածը ներկելու համար օգտագործում են պիգմենտներ, օքրա, ուլտրամարին և հիմնային, թթվային, ուղղակի, ծծմբային, կուբային ներկանյութեր։ Պատրաստի թուղթը ներկում են ներկանյութի լուծույթում ընկղմելով կամ ներկող, սոսնձող և միներալ (բլանֆիքս) նյութերի խառնուրդի շերտով պատելով։ Կաշին ներկում են ժանտանյութային, թթվային, հիմնային, ուղղակի և կաշվի հատուկ ներկանյութերով կամ ներկապատում են սոսնձող և թաղանթ առաջացնող նյութերի հետ խառնված պիգմենտներով, մորթին օքսիդացնող, կուբային, թթվային, ժանտանյութային կամ մորթու հատուկ ներկանյութերով։ Պլաստմասսաները ներկելու համար ներկանյութն ավելացնում են մոնոմերին կամ պոլիմերացված զանգվածին՝ մամլումից առաջ։ Թափանցիկ և գունավոր պոլիմերներ ստանալու համար օգտագործում են ջերմակայունն լուծելի հիմնային ներկանյութեր։ Կիրառման ծավալով և նշանակությամբ առանձնապես կարևոր է մանրաթելերի, մանվածքի և գործվածքի ներկերը։
Ներկման ձևերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործում են անընդհատ կամ պարբերաբար աշխատող ներկման ավազաններ, որոնք լցվում են ներկանյութի և օժանդակ նյութերի ջրային լուծույթով։ Ներկումը արագացնելու համար ավելացնում են հիդրոֆիլ օրգանական լուծիչներ կամ լուծույթը տաքացնում են։ Ներկումը կոչվում է հարթ, եթե գործվածքը ներկում են մեկ գույնով, և նախշավոր՝ մի քանի գույնով։ Մանրաթելերի և գործվածքի ներկման համար օգտագործում են ուղղակի, ակտիվ, կուբային, ծծմբային, թթվային, ժանտանյութային, դիսպերսվող, անլուծելի միացություններ առաջացնող և այլ ներկանյութեր։ Ուղղակի ներկանյութերը (ազոներկանյութեր ևն) լուծելի են ջրում, օգտագործվում են թաղանթանյութային, պոլիմերային մանրաթելերը, մետաքսը և բուրդը ներկելու համար և կպչում են մանրաթելին ջրածնական կապերով ու Վան դեր Վալսյան ուժերով։ Լուծույթից մանրաթելին ներկանյութի անցումը արագացնելու և գույնի պայծառությունը մեծացնելու համար ավելացնում են (մինչև 20%) նատրիումի քլորիդ կամ սուլֆատ։ Համասեռ գունավորում ստանալու համար ավելացնում են օրգանական լուծիչներ (էթանոլամիններ)։ Պարբերական ներկում իրականացնում են 70—90 °C-ում։ Անընդհատ ներկման դեպքում գործվածքը թրջում են ներկանյութի լուծույթով 90—95 °C-nւմ, ապա շոգեխաշում (1—1,5 գ) 102 °C-ում։ Թաղանթանյութային, սպիտակուցային և պոլիամիդային մանրաթելերը ներկում են ակտիվ ներկանյութերով։ Մանրաթելը կամ գործվածքը ծծեցնում են ներկող լուծույթով, ապա մշակում ալկալու (սովորաբար ) լուծույթով։ Ներկանյութը մանրաթելին է միանում քիմիական կապերով։ Կաբային (բազմացիկլային, ինդիգոակերպ) ներկանյութերը ջրում չեն լուծվում, այդ պատճառով վերականգնում են նատրիումի թթու սուլֆիտով։ Ստացված անգույն լեյկոմիացությունը լուծույթից ներծծեցնում են թաղանթանյութային մանրաթելերի մեջ, ապա օքսիդացնում օդի թթվածնով կամ այլ օքսիդիչով։ Մանրաթելի վրա ստացվում է գունավոր ներկանյութը։ Սառը ներկման դեպքում ներկանյութը սինթեզվում է հենց մանրաթելի վրա։ Մանրաթելը ծծեցնում են ազոտոլի հիմնային լուծույթով, ապա մշակում դիազոնիումի աղի լուծույթով։ Մանրաթելի վրա ընթացող քիմիական ռեակցիայի հետևանքով առաջանում է ներկանյութը։ Մանրաթելի վրա սինթեզում են նաև այլ գունակիր նյութեր (սև անիլին և այլն)։ Կատիոնային ներկանյութերը (ազոներկանյութեր, պոլիմեթինային ներկանյութեր) կայուն են և ներկում են պոլիակրիլանիտրիլային մանրաթելերը վառ գույներով։ Ամրանում են մանրաթելի վրա միջմոլեկուլային ուժերով և իոնական կապեր առաջացնելով։ Ներկումն իրականացնում են քացախաթթվային միջավայրում՝ նատրիումի սուլֆատի, ներկումն արագացնող և համասեռացնող նյութերի առկայությամբ։ Թթվային և ժանտանյութային (անտրաքինոնային և ազոներկանյութեր) ներկանյութերն օգտագործվում են սպիտակուցային և պոլիամիդային մանրաթելերը ներկելու համար։ Ներկանյութը կպչում է մանրաթելին քիմիական կապերով և միջմոլեկուլային ուժերով։ Կարևոր ժանտանյութային ներկանյութեր են քրոմային ներկանյութերը, որոնք մանրաթելի մեջ ներծծեցնելուց հետո մշակում են բիքրոմատի լուծույթով։ Քրոմը վերականգնվում է մինչև Cr (III) և ներկանյութի հետ առաջացնում գունավոր կոմպլեքսային միացություն։ Դիսպերսային ներկանյութերն օգտագործում են պոլիամիդային, պոլիէթերային, պոլիակրիլանիտրիլային և ացետատային մանրաթելերը ներկելու համար։ Դրանք ջրում քիչ են լուծվում, օգտագործվում են նրանց ջրային կախույթները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 249)։ |