[go: nahoru, domu]

Jump to content

Հայերը Մալայզիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալայզահայեր
Մալայզիաի դրոշը
Ընդհանուր քանակ

100

Բնակեցում
Մալայզիա Մալայզիա 50
Սինգապուր Սինգապուր
Ավստրալիա Ավստրալիա
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
Հայերեն, Մալայերեն, անգլերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում։ Նրանք հաստատվել են Փենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակութային և ճարտարապետական ձևավորման պատմության մեջ։

Մ-ի տարածքի Փենանգ կղզում և Մալակկա քաղաքում հայերը հաստատվել են XVII դ. վերջին - XVIII դ. սկզբին: Հիմնականում Հնդկաստանում, Չինաստանում, Բիրմայում և Ինդոնեզիայում գործող հայկական խոշոր առևտրական ընկերությունների ներկայացուցիչներ էին, նաև Հնդկաստանից Հարավարևելյան Ասիա անցնող հայ վաճառականներ, որոնք իջևանում էին կղզում: Փենանգում ստեղծվել են հայկական առևտրատներ և կազմակերպություններ, որոնք մրցակցել են անգլիական առևտրական ընկերությունների հետ:

Հայերի թիվը կղզում ավելացել է Փենանգի բրիտանական գաղութ դառնալուց (1791) հետո: 1802-ին հայերը դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց ազգային սովորույթները հաշվի առնվեն նոր քաղաքացիական օրենսգրքում: 1822-ին այստեղ կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1824-ին): Եկեղեցու շրջակայքում հայերը կառուցել են շքեղ տներ, փողոցը կոչվել է Հայկական (այդ անունը կրում է ցայսօր):

Փենանգաբնակ հայերն աչքի ընկնող դեր ունեին կղզու տնտեսության և առևտրի զարգացման գործում: Հայ առևտրականների մեծ մասն ուներ սեփական նավեր («Հիրո», «Արտաշ», «Հարություն Աբգար», «Հովհաննես Մանուկ» ևն): Կղզում մի քանի խոշոր հյուրանոցներ պատկանել են Տիգրան, Սարգիս, Արշակ, Մարտիրոս Սարգսյան եղբայրներին: Համայնքի ճանաչված անդամներից էին Արշակ և Սարգիս Էդգարյանները, մեծահարուստներ Չարլզ Աբգարը և Խաչատուր Գալստյանը, բարերար Կարապետ Առաքելը (վճարել է Մ-ի պարտապանների կալանավարում գտնվող բոլոր հայերի պարտքերը), բժիշկ Թադևոս Ավետումը (գործուն դեր է խաղացել Փենանգի բժշկական, սոցիալական ու քաղաքական կյանքում՝ որպես քաղաքապետարանի կոմիսար և հաշտարար դատավոր: Հիմնադրել է Ջորջթաունի դիսպանսերը, եղել կաուչուկի մի շարք ընկերությունների տնօրեն, նրա դուստր Իրիսը եղել է նահանգապետի կնոջ անձնական քարտուղարը), աուդիտոր Ստեփան Մ. Գրեգորին (տպագրել է նյութեր Օսմանյան կայսրոթյունում հայերի տաժանակիր վիճակի մասին), իրավաբան-փաստաբան Հովհաննես Ջոակիմը (Հովակիմ), նրա որդի Բազիլը՝ առաջատար փաստաբան և Կուալա Լումպուրի պատվավոր քաղաքացի:

XIX դ. 50-70-ական թթ. Փենանգում գործել են Հնդկաստանի «Արևելյան ապահովչաց» առևտրա-արդյունաբերական և «Աբգարյան» (կառավարիչ՝ Ծատուր Հարությունյան-Անտոնյան) ընկերությունների մասնաճյուղերը: Փենանգաբնակ հայերը կապ էին պահպանում իրենց հայրենիքի, հարևան երկրների հայ գաղութների հետ: Գաղութում կային ոչ միայն հայերեն թերթերի ընթերցողներ, այլև՝ բաժանորդներ: 1851-ին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցին հնդկահայերին ուղղված կոնդակում առանձնահատուկ շեշտել է Փենանգի կարևորությունը:

1895-ին փենանգահայերը հիմնել են Հայ օգնության ֆոնդ՝ օգնելու իրենց հայրենակիցներին Թուրքիայում: 1917-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ Գուշակյանը Փենանգում դրամահավաք է կազմակերպել հայ աղետյալների համար:

XIX դ. 2-րդ կեսից համայնքն աստիճանաբար անկում է ապրել: Հայերը կղզուց տեղափոխվում էին Սինգապուր: 1871-ին կղզում բնակվել է 16, 1931-ին՝ 8, 1950-ական թթ.՝ 4 հայ:

1669 թ Մալակկա թերակղզում բնակվել է 240 հայ, որից 150-ը՝ բուն Մալազիայում, իսկ 90-ը՝ Սինգապուրում։

1897 թվականին Մալազիայում բնակվել է շուրջ 500 հայ, որոնք կենտրոնացած էին Մալակկա թերակղզու Կուալա Լումպուր, Ջորջթաուն և Մալակկա քաղաքներում։ Ներկայում Մալայզիայում բնակվող փոքրաթիվ հայերը (շուրջ 50 մարդ) կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։ Ավերվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Տեղական իշխանությունները փորձել են ձեռք բերել և օգտագործել հայկական եկեղեցու տարածքը, սակայն Սինգապուրի հայոց եկեղեցական վարչությունը դիմել է դատարան և կարողացել շահել դատը, հողը վաճառել է, և այդ գումարով հիմնվել է «Խաչատուր Գալստյանի հիշատակի հիմնադրամ» անձեռնմխելի գումարը, որի տոկոսները մինչև Երկրորդ աշխարհամարտը տնօրինել է Սինգապուրի հայությունը: XX դ. սկզբին եկեղեցին հիմնավորապես ավերված էր. միայն երիցտունն էր կանգուն:

Փենանգում բնակվող վերջին հայերը, հավանաբար, եղել են Իփեկճյան եղբայրները, որոնք կղզուց հեռացել են 1966-ին: Այժմ հայերի երբեմնի գոյության մասին է հիշեցնում Հայկական փողոցը, Արաթունի ճանապարհը (ուղի) և հայկական խաչքարերը: Գործում են հայերի հիմնած «Е and О» հյուրանոցը, «А. А. Antony» միջնորդական ընկերությունը, սակայն դրանք այլևս հայերի չեն պատկանում:

Մալակկա քաղաքում հայերը հաստատվել են XVII դ. 2-րդ կեսին: Տեղի հայ գաղութի մասին առաջին անգամ հիշատակում է Կոստանդին Ջուղայեցին: Հայ վաճառականները Մալակկա են եկել հատկապես Հնդկաստանի Սուրաթ քաղաքից, առևտուր արել կամ միջնորդական ծառայություններ կատարել: Հայերի երբեմնի ներկայության վկաներն են դամբանաքարերը, որոնցից ամենավաղը, թվագրված՝ 1736 թ., պատկանում է Խոջա Սարգսի որդի Հովհաննես Դոնակաոյին. հանրահայտը Հակոբ Շահամիրյանի (հնդկահայ ազգային գործիչ Շահամիր Շահամիրյանի որդու) տապանաքարն է (մահացել է 1774-ին), որի վրայի արձանագրությունում ասվում է. «...Բերեք ինձ իմ Երկրի ազատության լուրը, որից ես այսքան հեռու եմ...»:

Մալակկահայերը մեծ մասամբ վաճառականներ էին, պանդոկատերեր: Նրանցից շատերը վարձու կամ սեփական նավեր ունեին (Մալակկայի նավահանգիստը կարևոր նավակայան էր դարձել Եվրոպայի և Հնդկաստանի տարբեր գաղութների հայության համար): Մալակկայում անգլիական տիրապետության հաստատումից (1795) հետո հայերը դեռևս պահպանում էին իրենց տնտեսական ուժն ու հեղինակությունը և անգլիացիների ու ֆրանսիացիների հիմնական մրցակիցն էին: Հայ առևտրականներին չեզոքացնելու նպատակով անգլիացիները և ֆրանսիացիները դարանակալ հարձակումներ էին կազմակերպում, կողոպտում հայկական նավերը: Այս պայմաններում, երբ Մալակկան տնտեսական անկում էր ապրում և հայերին չեզոքացնելու քաղաքականություն էր իրականացվում, հայերն աստիճանաբար գաղթել են տնտեսական վերելք ապրող Սինգապուր: Մալակկայի գաղութը վերջին անգամ հիշատակվում է 1850-ին՝ Մայր աթոռ Ս. Էջմիածնի կոնդակներից մեկում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։