Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1914)։ Լիբերալ կուսակցությունից բազմիցս ընտրվել է պառլամենտի անդամ և պատասխանատու պաշտոններ վարել տարբեր կառավարություններում. արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերով քարտուղար, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան։ 1876 թվականին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը և որպես նրա նախագահ նույն թվականի աշնանը ճանապարհորդել է ՌուսաստանովԿովկաս ու Հայաստան, ապա եղել Օսմանյան կայսրությունում (բարձրացել է Արարատի գագաթը)։ Տպավորություններն ամփոփել է «Անդրկովկասն ու Արարատը» գրքում (1877)։ Նա ի սկզբանե նպատակ չի ունեցել գրքի վերածելու իր նոթագրությունները, սակայն հետագայում երկու հիմնական պատճառ է մատնանշում, որորնցից ելնելով տպագրել է գիրքը։ Առաջինը 1877-1878 թվականներին պատերազմն էր այն երկրների միջև, որտեղ եղել էր ճամփորդելիս, և երկրորդը՝ Արարատ լեռն էր, որի մասին լսել էին բոլորը, սակայն շատ քիչ էր գրված[8]։ 1880 թվականին նոր ճամփորդություն է կատարել Հայաստան, այցելել Զմյուռնիա և Կոստանդնուպոլիս (հանդիպումներ ունեցել Մաթևոս Մամուրյանի, Ներսես Վարժապետյանի հետ), 1893 թվականին Լոնդոնում հիմնադրել է Անգլո-հայկական ասոցիացիան։ 1894 թվականի հայկական ջարդերի ժամանակ հանդես է եկել հայանպաստ հոդվածներով անգլիական և ամերիկյան մամուլում։ Բրայսը առաջիններից էր Անգլիայում, որ արձագանքել է հայ ժողովրդի 1915 թվականի ողբերգությանը, ակտիվորեն մասնակցել բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը։ 1916 թվականին Բրայսի խմբագրությամբ և ընդարձակ աոաջաբանով Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ.» փաստաթղթերի ժողովածուն («Կապույտ գիրք»), որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ, որոնք մերկացնում են երիտթուրքերի ազգայնամոլ, հայասպան քաղաքականությունը։ Հայերի պաշտպանությամբ Բ. հաճախ հանդես է եկել հրապարակային ելույթներով։ Մասնավորապես 1920 թվականի փետրվարին Լորդերի պալատում արտասանած ճառում Բրայսը մեղադրել է քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատել Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքականությունը հայկական հարցում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել հայ հասարակական քաղաքական գործիչների՝ մասնավորապես Արշակ Չոպանյանի և Պողոս Նուբար փաշայի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 555)։