[go: nahoru, domu]

Jump to content

Սիմֆոնիա № 5 (Շոստակովիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

5-րդ սիմֆոնիան Դմիտրի Շոստակովիչի ամենահաջողված և հայտնի ստեղծագործություններից է։ Սիմֆոնիան գրված է ռե մինորում։ Այն գրվել է 1937 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին և առաջին անգամ կատարվել նույն թվականի նոյեմբերի 21-ին Լենինգրադում՝ Լենինգրադի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի կատարմամբ, Եվգենի Մրավինսկու գլխավորությամբ։

Սիմֆոնիան ունի 4 մաս՝ Մոդերատո, Ալլեգրետտո, Լարգո, Ալլեգրո նոն տրոպպո։

  1. Մոդերատո
    Սիմֆոնիան սկսում է ջութակների, թավջութակների և կոնտրաբասների կանոնով։ Թեման սկսում է մինոր սեքստակորդներով։ Այնուհետև թավջութակներին միանում են նաև ալտերը։ Նույն ժամանակ ջութակները առաջին թեմային հակառակ նվագում են շատ հանդարտ մեղեդի։ Առաջին մասը ունի 2 հիմնական մաս՝ առաջինը, որը համեմատաբար հանգիստ է, և երկրորդը, որը ավելի խիստ է։ Մասը վերջանում է առաջին մասին վերադառնալով։ Տվյալ առաջին մասում ռիթմը շատ հստակ և շատ կոնկրետ է։ Այն վերջանում է լարայինների շատ ռիթմիկ և հանդարտ նվագակցությունով և թեման կատարում են առաջին ջութակն ու չելեստան։
  2. Ալլեգրետտո
    Երկրորդ մասում զգացվում է Պրոկոֆիեվի և Մալերի երաժշտության ազդեցությունը։ Այն ունի վալսի կառուցվածք և ռիթմը երեք քառորդ է։ Այս մասը ունի շատ հումորային սատիրիկ ոգի։
  3. Լարգո
    Առաջին և երկրորդ մասերում օգրագործվող մետաղյա փողայինների երկարատև սոլոներից և ֆորտեներից հետո կոմպոզիտորը 3-րդ մասում դրանք ընդհանրապես չի օգտագործում։ Այս մասում նվագում են միայն լարայինները և որոշ տեղերում փայտյա փողայինները։ Տավիղն ու չելեստան նույնպես ունեն կարևոր դեր։ Լարայինները բաժանված են հետևյալ մասերի՝ 3 ջութակների խումբ, 2 ալտերի խումբ, 2 թավջութակների խումբ և կոնտրաբասի 1 խումբ։ Մասը շատ դանդաղ և շատ լիրիկ է։ Այն արտահայտում է շատ խորը երաժշտական մտքեր։ Ունի շատ ծանր դրամատիկական պահեր։ Կենտրոնական հատվածում կա մեծ ֆորտե, որտեղ լարայինները նվագում են նույն կրկնվող նոտան և թեման նվագում են փայտյա փողայինները։ Կլառնետն ու ֆլեյտան ունեն բազմաթիվ սոլոներ։ 3-րդ մասը ավարտվում է մեծ պիանոյով։
  4. Ալլեգրո նոն տրոպպո
    4րդ մասը սկսում է շատ աշխույժ կերպով և բավական արագ ռիթմով։ Այն հիմնականում արագ լինելուց բացի ունի նաև կենտրոնական ավելի հանդարտ թեմա։ Երկրորդ լիրիկական թեմայից հետո վերսկսում է առաջին արագ թեման, որը երաժշտությունը տանում է դեպի հանդիսավոր ավարտը, որը հայտարարում է մեծ թմբուկը։ 4-րդ մասը վերջանում է ռե մաժորում։ Թեման նվագում են փողայինները, իսկ լարայինները կատարում են անավարտ և անընդհատ կրկնվող լա նոտան (ռե-ի դոմինանտան)։ Վերջին մասը ունի շատ հանդիսավոր վերջաբան։

Սիմֆոնիայում օգտագործվում են հետևյալ գործիքները՝ 2 ֆլեյտա, 1 պիկկոլո, 2 հոբոյ, 2 կլառնետ և մի բեմոլ կլառնետ, 2 ֆագոտ, 1 կոնտրաֆագոտ, 4 գալարափող, 3 շեփոր, 3 տրոմբոն, տուբա, լիտավր, փոքր թմբուկ, մեծ թմբուկ, եռանկյուն, ցիմբալ, տամ-տամ, զանգակ, քսիլոֆոն, 2 տավիղ (նույն պարտիան), դաշնամուր և լարային գործիքներ։ Սիմֆոնիան տևում է մոտ 45 րոպե։